Մեր Մասին
Ի՞նչ է Լոգոսը
«Լոգոս» (հունարեն` λόγος) բառը թարգմանաբար նշանակում է «խոսք», սակայն շատ ավելի լայն ու խորը իմաստով, քան պարզապես արտաբերված բառեր։ Այն նոր կտակարանի բնագրում կիրառված է ավելի քան 300 անգամ, իսկ հին կտակարանի հնագույն հունարեն թարգմանության մեջ (Սեպտոգինտայում) մոտ 1000 անգամ։
Լոգոսն Աստծո հավիտենական և անփոփոխ Խոսքն է, Աստծո բացահայտված միտքն ու հայտարարված նպատակները։ Լոգոսի միջոցով ստեղծվեց ողջ տիեզերքը, Լոգոսի միջոցով մենք ճանաչում ենք Աստծուն։
Լոգոսը մարդկությանը հայտնված աստվածային ճշմարտությունն է։
Մարդացած Լոգոսի, Հիսուս Քրիստոսի մեջ, մենք տեսնում ենք Աստծո փառքը՝ լի շնորհով ու ճշմարտությամբ։ Այս բառի բազմաթիվ կիրառություններից ամենահատկանշականը, թերևս, Հովհաննես 1:1-ն է, որտեղ Լոգոսը նույնացվում է Հիսուս Քրիստոսի հետ։
«Սկզբում էր Լոգոսը, և Լոգոսն Աստծո մոտ էր, և Լոգոսն Աստված էր։»
Ի՞նչ է LogosMusic-ը
Հովհաննես 4:24-ում Հիսուսն ասում է. «Աստված Հոգի է, ու նրան երկրպագողները պետք է հոգով ու ճշմարտությամբ երկրպագեն»։ Իսկ Հովհաննես 17:17-ում, Հիսուսը Հայր Աստծուն աղոթելիս, սահմանում է ճշմարտությունը. «Քո Խոսքը (Լոգոսը) ճշմարտություն է»:
Աստծուն հաճելի երկրպագությունը բխում է հոգուց և հիմնված է ճշմարտության, այսինքն՝ Աստծո Խոսքի վրա։
Աստծուն երկրպագելու և պաշտամունք մատուցելու հին ուխտի բազմաթիվ ծիսակարգերն ու արարողությունները Հիսուսն ամփոփում է այս երկու պայմանների մեջ։ Սա՛ է Աստծուն հաճելի երկրպագությունը։ Աստված չի փնտրում պարզապես արարողություն, ավանդույթ կամ երաժշտություն, Նա չի փնտրում զգացմունքային խոսքեր կամ բարձրագոչ աղաղակներ։ Աստված փնտրում է երկրպագություն, որը բխում է հոգուց և հիմնված է ճշմարտության վրա։
Այստեղ առաջին պայմանն անտեսանելի է, միայն սրտեր քննող Աստծուն է հայտնի, թե մեր երկրպագությունը որքանով է բխում հոգուց։ Իսկ երկրորդը տեսանելի է. ցանկացած արտաբերված միտք հնարավոր է Աստվածաշնչի լույսի ներքո քննել և պարզել, թե որքանով է հիմնված ճշմարտության վրա։
Մենք հավատում ենք, որ երգը աստվածային ճշմարտությանն արձագանքելու, Աստծուն երկրպագելու, Նրա Խոսքը հիշելու, պահելու և տարածելու ամենահզոր միջոցներից մեկն է։
Մեր առաքելությունն է ստեղծել երգեր, որոնք բացառապես հիմնված են Աստծո Խոսքի՝ Աստվածաշնչի վրա։
Մեր գրած յուրաքանչյուր տող և մեր երգած յուրաքանչյուր մեղեդի ձևավորվում է այն համոզմունքով, որ մարդկությանը փոխանցված միակ բացարձակ ճշմարտությունը վաթսունվեց գրքերից բաղկացած Աստծո սուրբ Խոսքն է՝ Աստվածաշունչը, և որ Աստված փնտրում է երկրպագուներ, որոնց սրտերն ու շուրթերը շարժվում են հենց այդ ճշմարտությամբ։
Ովքե՞ր ենք մենք
LogosMusic-ը ստեղծվել է ամուսիններ Պերճ և Կարինե Ոսկերչյանների կողմից՝ ծառայելու հայալեզու աշխարհի բոլոր Աստծո Խոսքը սիրող քրիստոնյաներին։
Բաժանորդագրվեք, երգենք միասին և տարածենք Աստծո Խոսքի շնորհն ու ճշմարտությունը յուրաքանչյուր նոտայում։ Եկեք լցնենք Հայաստանն ու հայալեզու աշխարհը Աստծո անարատ Խոսքով, որպես բացարձակ ճշմարտություն և բարձրագույն հեղինակություն։
LogosMusic - Մենք երգում ենք Աստծո Խոսքը։